Տնտեսություն

Շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մոտ 2 շաբաթում մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ

2 րոպեի ընթերցում

Շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մոտ 2 շաբաթում մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան, խնդիր ունեն բանկային հաշիվների բացման հետ կապված:

Գալստյանն ընդգծեց, որ անկախ կոնֆլիկտից, որևէ սանկցիայից, միշտ ցանկացած բանկային համակարգում ոչ ռեզիդենտների նկատմամբ ներկայացվող պահանջները լինում են ավելի խիստ: ԿԲ նախագահը Հայաստանի բանկերի մոտեցումը բավականին ճիշտ է գնահատում, բանկերի կողմից նոր հաճախորդների ներգրավումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն:

«Դա նշանակում է, որ բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ նրանք տրանզիտ հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ն: Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանում: Եթե բանկերի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների համար իրականացվող մեխանիզմ, այդ պարագայում բնականաբար բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի տեղեկությամբ՝ այս պահի դրությամբ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Դա վերաբերում է մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում