ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) բարձր է գնահատում Հայաստանում մամուլի ազատության զարգացման և մեդիագրագիտության բարձրացման կառավարության ամուր հանձնառությունը:
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն՝ խոսելով ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարի արդիական մարտահրավերների և հնարավոր միջոցների մասին:
«Ես գիտեմ, որ Հայաստանում մեդիագրագիտության բարձրացումը ամուր հանձնառություն է կառավարության կողմից, ինչը դրական քայլ է, և մենք հենց այդ էլ քննարկում էինք, թե ինչքան կարևոր է մեդիագրագիտությունը մեր օրերում, որպեսզի ամեն կողմից եկող տեղեկատվական այսպիսի մեծ հոսքի պայմաններում մարդիկ ավելի լավ կարողանան տարբերել ճիշտ ու սխալ տեղեկությունները: Ուստի, կարծում եմ, դա շատ դրական քայլ է, և մենք իսկապես բարձր ենք գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքական այդ կամքը և ամուր հանձնառությունը», - մեկնաբանեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:
Ըստ Ռիբեյրոյի՝ ԵԱՀԿ-ն չի մրցում մեդիագրագիտության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում չափազանց ակտիվ գործունեություն ծավալող ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ հաստատությունների հետ, բայց իր առանձնահատուկ դերն ունի այդ հարցում, որն է բարձրացնել մեդիագրագիտության կարևորության մասին մարդկանց տեղեկացվածությունը մամուլի ազատությունից ավելի լավ օգտվելու և այդ ազատությունը ավելի շատ վայելելու համար:
«Եթե իսկապես ուզում եք ունենալ մամուլի ազատություն, եթե իսկապես ուզում եք պահպանել մամուլի ազատությունը՝ ձեզ անհրաժեշտ է մեդիագրագիտություն», - շեշտեց Թերեզա Ռիբեյրոն:
Հարցին՝ ի՞նչ կարող են անել պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն ու լրագրողները մարդկանց մեդիագրագիտությունը բարձրացնելու և նրանց ապատեղեկատվության թիրախավորումից, կեղծ լուրերից պաշտպանելու համար, ԵԱՀԿ մեդիա ազատության ներկայացուցիչը պատասխանում է, որ լրագրողներն ու ԶԼՄ-ները ևս կարևոր դեր են խաղում այդ հարցում:
«Այո՛, դա լուրջ խնդիր է, քանի որ տեղեկատվության տարածման իմաստով սահմաններ այլևս գոյություն չունեն, և շատ կարևոր է ապատեղեկատվության ուժեղ հոսքից և կեղծ լուրերից պաշտպանվելու ուժեղ ռազմավարություն ունենալը», - ասաց «Արմենպրես»-ի զրուցակիցը:
Ռիբեյրոյի խոսքով՝ մեդիան պատասխանատվության իր բաժինն ունի և կարող է լուրջ դեր խաղալ այդ գործում: Դրա համար լրատվամիջոցները պետք է ունենան մասնագիտական բարձր չափանիշներ, իսկ լրագրողները՝ դառնան փաստեր ստուգողները:
«Սա շատ կարևոր է, կազմակերպությունները չեն կարող անել դա լրագրողների փոխարեն, լրագրողներն իրենք պետք է կարևորեն փաստերի ճշմարտացիությունը և լինեն ամենաուժեղ փաստ ստուգողները: Շատ կարևոր է, որ լրագրողը մանրամասն տեղյակ լինի այս նոր մարտահրավերներից և ավելի ու ավելի զգույշ լինի փաստերը ստուգելիս և ճշմարտությունը փնտրելիս: Կարծում եմ՝ սա մեդիադաշտի և լրագրողների ամենակարևոր անելիքն է», - ընդգծեց Թերեզա Ռիբեյրոն:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մարտի 9-ին առաջին անգամ այցով եկել էր Հայաստան: Երևանում նա հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իր խոսքով՝ դրանք շատ կառուցողական և արդյունավետ հանդիպումներ են եղել:
Թերեզա Ռիբեյրոն մարտի 10-ին Երևանում նաև մասնակցել է մեդիագրագիտությանը և ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը կազմակերպել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում:
Արամ Սարգսյան