Քաղաքականություն

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների 2022-ի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների 2022-ի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլայի համանախագահությամբ մարտի 7-ին կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր բացման խոսքում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին շարունակական աջակցություն տրամադրելու համար՝ կարևորելով ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ հայ-ամերիկյան համագործակցությունը:

«Հայկական կողմից ելույթներով հանդես եկան նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Ամերիկյան պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լաուրա Հոկլան նիստի ընթացքում ներկայացրեց հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և նշեց հետագա համագործակցության ուղիների կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Մարկ Սիմակովսկին իր ելույթում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նշվում է, որ նիստի ընթացքումանդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:

Ամփոփելով նիստը՝ հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և կարևորել նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում