Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1076058.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը փետրվարի 21-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խորը փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակների ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամությունեն հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։
Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։