ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ.Թումանյանի թանգարանում արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի գործարկման արդյունքում խնայվելիք գումարը կուղղվի թանգարանի կարևորագույն ծրագրերից մեկին՝ Թումանյանի անձնական գրադարանի թվայնացմանը և էլեկտրոնային գրադարանի ստեղծմանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանիտուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Նա նշեց, որ նախաձեռնության առաջարկը եղել է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից, որը նախաձեռնել է «Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագիրը, իսկ ամբողջական ֆինանսական աջակցությունը տրամադրվել է «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»բանկի կողմից:
«Սա մեզ համար իսկապես շատ անհրաժեշտ նախաձեռնություն էր, և մեր համագործակցությունը շատ արագ ստացվեց: Ինչո՞վ է սա մեզ համար չափազանց կարևոր. նախ՝ ամբողջ տարվա էլեկտրաէներգիայի սպառման չափաբաժինը ամբողջապես ապահովվում է: Երկրորդը՝ ԿԳՄՍ նախարարության հետ մեր բանակցությունների արդյունքում խնայված գումարը կուղղվի թանգարանի կարևորագույն ծրագրերից մեկին՝ Թումանյանի անձնական գրադարանի թվայնացմանը և էլեկտրոնային գրադարանի ստեղծման ծրագրին»,- ասաց Անի Եղիազարյանը:
Նա շեշտեց, որ սա թանգարանի՝ տարիներ շարունակ փափագած ծրագրերից մեկն է, որը հնարավոր չէր լինի իրականացնել առանց բավարար ֆինանսական միջոցների: Նրա խոսքով՝ սա լավագույն առիթն էր բանաստեղծի հարուստ գրադարանը, որտեղ շուրջ 8000 կտոր գիրք է պահպանվում, վերջապես էլեկտրոնային հարթակում ունենալու և մարդկանց հասանելի դարձնելու համար:
Թանգարանի տնօրենը հույս ունի, որ սա խթան կհանդիսանա և՛ ներդնողների և՛ կազմակերպիչների համար, որպեսզի ծրագիրը լինի շարունակական և մշակույթի այլ օջախներ նույնպես կարողանան օգտվել այս հնարավորությունից, ինչի արդյունքում էլ խնայվելիք գումարները կկարողանան ուղղել ավելի կարևոր ծրագրերի իրականացմանը:
Հ. Թումանյանի թանգարանում արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանը գործում է 2022 թվականի հունվարից: