Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-3/22. Մահարի, Քոնան Դոյլ, 365 հեքիաթ

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-3/22. Մահարի, Քոնան Դոյլ, 365 հեքիաթ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:

Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ և վերջաբանով:Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Սըր Արթուր Քոնան Դոյլ, Շերլոք Հոլմս. «Արնագույն գործը», «Չորսի նշանը»

«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին:

«Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ականատես դառնում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպմանը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը:

Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

«365 հեքիաթ ամեն օր մի պատմություն»

«Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» ժողովածուն բաղկացած է տարվա ամեն օրվա համար նախատեսված 365 հեքիաթներից:

Այստեղ են Մոխրոտիկն ու Սպիտակաձյունիկը, Ռապունցելն ու Զընգ-զընգը, Միքի Մաուսն ու Ռոբին Հուդը և նույնիսկ Մայքն ու Սալին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները: Պատկերազարդ էջերով, գեղեցիկ և ուռուցիկ շապիկով այս գիրքը լույս է ընծայվել «ԴաՎինչի» հրատարակչության կողմից, թարգմանիչ՝ Աննա Կարապետյան։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում