Երևանի բնակիչները քաղաքի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը հանրային տրանսպորտի հարցն են համարում. հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցած փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքացիների 12,3 տոկոսը լիովին դրական են գնահատել, ավելի շուտ դրական` 45.8 տոկոսը, ավելի շուտ բացասական` 20.6 տոկոսը, ընդհանրապես բացասական`12 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

««Նշեք Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»` քաղաքացիների 35.8 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրը, 22.9 տոկոս` աղբահանության խնդիրը, 17.6 տոկոսը գնաճը, 11.5 տոկոսը գործազրկության և այլն: 4.5 տոկոսը նշել է անվտանգային խնդիրը, նախորդ տարիների ընթացքում այդ խնդիրը այդքան ցայտուն չէր»,- ասաց Նավասարդյան:

Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված դրական փոփոխությունների մասով քաղաքացիները 39.5 տոկոսը նշել են աղբահանության կազմակերպումը, 35.3 տոկոսը` նոր երթուղիների ներդրումը, 12 տոկոսը` նոր վերելակների փոփոխությունը:

««Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեն քաղաքապետարանի կողմից». հարցվածների 18.5 տոկոսը նշել է կանաչապատ տարածքների ավելացում, 16 տոկոսը մաքրության կազմակերպումը և 14.2 մշակութային միջոցառումների կազմակերպումը:

Հարցումներն իրականացվել են հունվարի 24-ից մինչև փետրվարի 2-ը: Հեռախոսային հարցումներ են իրականացվել, որին մասնակցել է 800 քաղաքացի: Հետազոտության ընտրանքային սխալը՝ 3.5 տոկոս:

Հայերեն