ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բոլոր խնդիրների լուծման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի և մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ պատասխանելով Առաջին ալիքի լրագրողի այն հարցին, թե ըստ ավստրիացի նախարարի՝ ի՞նչ դեր կարող է խաղալ միջազգային հանրությունը հայ ռազմագերիներին վերադարձնելու և միջազգային հումանիտար կառույցների մուտքը Արցախի Հանրապետություն բացելու հարցերում:
Ալեքսանդր Շալենբերգի ուղերձը թեմայի առնչությամբ այն է, որ միջազգային հանրության կամքը չի կարող փոխարինել հակամարտող կողմերի քաղաքական կամքը հասնելու հիմնախնդրի լուծմանը:
«Անհրաժեշտ է Բաքվի և Երևանի, ադրբեջանցիների և հայերի կամքը այդ ուղիով առաջ գնալու համար: Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է, և դուք հիշատակեցիք առկա խնդիրները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սահմանների հարցը: Մի շարք բաց խնդիրներ դեռևս առկա են, բայց ես այն տպավորությունն ունեմ, որ իմ նախորդ այցի համեմատ տրամադրությունները փոքր-ինչ փոխվել են, ես հիմա ավելի խրախուսված եմ, քան անցյալ ամառ, քանի որ տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նշաններ: Ավստրիայի, Եվրամիության և հուսով եմ՝ ԵԱՀԿ-ի անունից եմ խոսում, որ մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը», - պատասխանեց Ավստրիայի արտգործնախարարը:
Արձագանքելով ավստրիացի գործընկերոջ մեկնաբանությանը՝ Հայաստանի արտգործնախարարը համաձայնեց, որ ինչքան էլ միջազգային հանրությունը կիրառի իր գործիքակազմը և խրախուսի կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ, էական է, որ առաջին հերթին կողմերը դրսևորեն այդ քաղաքական կամքը: Եվ ամբողջ աշխարհն էլ տեսել է, որ Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ խնդիրները: Բայց խնդիրն, ըստ նախարար Միրզոյանի, այն է, որ այդ պատրաստակամությունը հայտնելով՝ Երևանը մշտապես ճիշտ հակառակ մեսիջներն է ստանում պաշտոնական Բաքվից:
«Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին», - փաստեց արտգործնախարարը:
Միրզոյանը անդրադարձավ նաև միջազգային կազմակերպությունների հարցին՝ կրկին ցավով արձանագրելով, որ այս հարցում ևս Ադրբեջանը ապակառուցողական մոտեցում է ցույց տալիս՝ ստիպելով միջազգային կառույցներին և նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում:
«Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը նույնիսկ սա է սահմանափակում: Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը», - հավելեց արտաքին գործերի նախարարը: