Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն 2021-ին աճել է 14,3%-ով. ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կոլեգիայի հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

«2021 թ. ընթացքում, չնայած հետպատերազմյան իրավիճակով, ինչպես և Ազգային ժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է օպերատիվ իրավիճակը, պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը:

Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ հարկ է նշել, որ 2021 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների (աճ՝ 1695-ով), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 188-ով), խարդախությունների (աճ՝ 127-ով), ինչպես և առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (աճ՝ 318-ով) թվի աճով:

Գրանցված 30245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1024-976), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (224-218), բռնաբարության ու բռնաբարության փորձի (25-14), բնակարանային գողության (1255-1192), կողոպուտի (163-146), յուրացման կամ վատնման (525-473) և խուլիգանության (338-322) դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 37510 հանցագործության դեպքերից 57,7%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ (2020 թ.՝ 31953 հանցագործության դեպքերից՝ 55,7%-ով): Ծանր՝ 6694 հանցագործություններով՝ 34,4% (2020թ .՝ 5974 հանցագործություններով՝ 35,3%), առանձնապես ծանր՝ 584 հանցագործություններով՝ 58,0% (470 հանցագործություններով՝ 54,9%):

2021 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 10 (6) դեպք:

Հայտնաբերվել է 950 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 237-ը (157) կաշառակերության դեպքեր են, 129-ը (160)՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 113-ը (155)՝ պաշտոնեական կեղծիքի, 271-ը (389)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 50-ը (52)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է ընդհանուր 185671 նյութ, հարուցվել է 15797 քրեական գործ:

Արձանագրվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 368 և մարմնական վնասվածքներ ստացել 6699 անձ:

2021 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771 (2020 թ.՝ 1922) ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 587 (844) ծառայող:

Ելույթներում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, ամփոփելով կոլեգիայի նիստը, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքը և մատնանշեց թերություններն ու բացթողումները։

Նշվում է, որ Ոստիկանության պետը 2022 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի և տվել համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվել են ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները: Լավագույնի կոչման ու պարգևների են արժանացել նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Հայերեն

Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone

ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ կմասնակցի տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներին նվիրված պանելային քննարկմանը

Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք

Չինաստանը որևէ մեկին թույլ չի տա խախտել միջազգային առևտրի կանոնները․ Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ բոլոր սամմիթներն իր մասշտաբով և բովանդակությամբ. ՀՀ ԲՏԱ նախարարություն

Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ