Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համակարծիք են՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է լինել միայն ՄԽ համանախագահության հովանու ներքո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 19-ին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:

Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում:

Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ:

Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար:

Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն:

Հայերեն العربية English Русский

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Աղոթք բարձրացրինք մեր հայորդիների համար. Ամենայն հայոց կաթողիկոս

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը

Թեհրանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է բացման ու փակման վայրերը