Հասարակական

Կառավարությունը կողմ է մասնավոր դպրոցների 1-4 դասարանի աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկին

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը կողմ է մասնավոր դպրոցների 1-4 դասարանի աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված ոչ պետական (մասնավոր) տարրական դասարաններում սովորող աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու վերաբերյալ նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Խոսք ամենևին սոցիալական աջակցության ծրագրի մասին չի։ Եվ կուզեմ բոլորիս հիշեցնել, որ տարրական դասարանների դասագրքերը մեր երկրի բոլոր երեխաներին, բացառությամբ ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների, տրամադրվում են անվճար պետական բյուջեի հաշվին։ Ինչ վերաբերվում է 5-12-րդ դասարանների դասագրքերին, ապա գործում է սոցիալական աջակցության ծրագիր յուրաքանչյուր դպրոցի մակարդակում և յուրաքանչյուր դպրոց ունի հնարավորություն աշակերտական կազմի միջև 10 տոկոսին դասագրքերը տրամադրել անվճար։ Բացի այդ, ունենք սոցիալական աջակցության ծրագիր սահմանամերձ համայնքների համար, որտեղ բոլոր աշակերտներին 5-12 դասարաններում դասագրքերը տրամադրվում են անվճար»,- նշեց Անդրեասյանը, հավելելով, որ պետությունը սոցիալական աջակցության և սոցիալական ուղղվածության քաղաքականությունը բավարար չափով իրականացնում է։

Նա նշեց, որ երեխաների իրավունքը չպետք է կանխված լինի նրանից, թե նրանք որ ուսումնական հաստատությունում է սովորում։

«Կարծում եմ, այստեղ հնչած մտքերը՝ հարուստ և աղքատ տրամաբանության մեջ, մեղմ ասած, չեն արտացոլում իրականությունը, որովհետև ոչ պետական դպրոցներում սովորող տարրական դասարանների երեխաները կազմում եմ տարրական դասարանների երեխաների ընդամենը 2,6 տոկոսը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք, որ պետական դպրոցներում սովորող բոլոր երեխաները անվճարունակ ընտանիքներից են։ Իհարկե, ոչ։ Մենք գիտենք բազմաթիվ պետական դպրոցներ, որոնք գտնվում են, թե Երևանում, թե նաև մարզային համայնքներում, որտեղ, մեղմ ասած, քաղքենիական բարքերը և արմատավորումը շատ ավելի վատ դրսևորումներ են գտնում։ Ես կուզեի, որ այստեղ զերծ մնանք նման պիտակավորումներից և հասկանանք, որ ,այո, ոչ պետական դպրոցները կազմում եմ մեր հանրակրթության փոքր մասը, բայց դրանք մեր հանրակրթության կարևոր մասնիկն են։ 48 ոչ պետական դպրոցները, իհարկե, տարբեր են, բայց այստեղ մենք ունենք մանկավարժության այլընտրանքային կրթության ձևերի բազմաթիվ լավագույն օրինակներ և կարիք չկա այստեղ թիրախավորել այդ դպրոցները կամ այն երեխաներին, որոնք սովորում են այդ դպրոցներում։ Ինչպես նշեցի, այստեղ խոսքը պետության պարտավորության մասին է և պետության պարտավորությունը յուրաքանչյուր երեխայի հանդեպ պետք է լինի նույնը։ Եթե առաջին դասարանցիներին նվիրում ենք այբբենարաններ, ապա այդ այբբենարանները պետք է նվիրվեն բոլոր երեխաներին՝ անկախ նրանից, որ այդ 4 հազար երեխաները սովորում են ոչ պետական դպրոցներում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ Կառավարությունը նպատակահարմար է գտնում այս նախաձեռնությունը ներառել եկող տարվա բյուջետային հայտնում օրենքի ընդունման պարագայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում