Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ: