ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանից վերապատրաստման եկած երիտասարդ դիվանագետների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով քրդստանցի դիվանագետներին և նրանց հանձնելով երկշաբաթյա դասընթացի ավարտական վկայականները, գոհունակությամբ արձանագրեց առաջին անգամ արտերկրի երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում նման ձևաչափով իրականացվող ծրագրի բարեհաջող ավարտը:
Տնօրենի խոսքով՝ դպրոցի անձնակազմը արել է առավելագույնը վստահ լինելու, որ այս ծրագիրը համապատասխանում է օտարերկրյա ուսանողների մասնագիտական պահանջներին և ակնկալիքներին:
«Սա մեր բազմաթիվ ծրագրերից մեկն է, բայց առաջին ծրագիրն է, որ անում ենք Իրաքյան Քուրդիստանի հետ, և առաջին ծրագիրն է, որ ընդհանրապես անում ենք արտերկրի երիտասարդ դիվանագետների հետ: Ծրագիրը շատ կարևոր է մեզ համար ե՛ւ դիվանագիտական կրթության միջազգային հարթակներում մեր տեղը հաստատելու տեսակետից, ե՛ւ կարևոր է նաև հայ-քրդական և Հայաստանի Հանրապետություն-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունները խորացնելու տեսակետից: Ծրագիրը կազմելու և իրականացնելու համար աշխատել են ե՛ւ մեր Արտգործնախարարությունը, ե՛ւ մեր գլխավոր հյուպատոսությունը Էրբիլում, և կարծես թե, լավ է ստացվել, և հուսով ենք, որ շարունակություն կունենա կա՛մ նույն երկրի, կա՛մ նույն և այլ երկրների հետ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում հաղորդեց Դիվանագիտական դպրոցի տնօրենը:
Իրաքյան Քուրդիստանից ժամանած երիտասարդ դիվանագետների համար պատրաստված համապարփակ ծրագիրը կազմված է եղել մի քանի շերտերից և հագեցած ոչ միայն միջազգային հարաբերություններին ու դիվանագիտությանը վերաբերող գիտելիքներով, այլև պատմամշակութային բաղադրիչներով: Մասնավորապես, ուսանողներին դասավանդել են հիմնական գիտելիքներ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի մասին և Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների և տարբեր երկրների, տարածաշրջանային ու միջազգային տարբեր կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Նաև ներկայացվել է Հայաստանի համար հետաքրքիր ու կարևոր հարցերի մասին պաշտոնական Երևանի տեսակետը:
Նազ Ալի Աբդուլռահմանը Հայաստանի Դիվանագիտական դպրոցում վերապատրաստում անցած քրդստանցի 12 երիտասարդ դիվանագետներից մեկն է: Աշխատում է Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության արտաքին հարաբերությունների բաժնում որպես քաղաքական հետազոտող: Քրդական ազգային տարազով արարողությանը եկած Նազ Աբդուլռահմանը թեև ժամանակին ստացել է կրթություն միջազգային հարաբերությունների ոլորտում, բայց իր համար մեծ պատիվ է համարում Երևանում վերապատրաստման դասեր անցնելը՝ ծանոթանալով Հայաստանի քաղաքական համակարգին, արտաքին քաղաքականությանը և հայկական մշակութային ժառանգությանը:
«Դիվանագիտական դպրոցում գիտելիքներ ստացանք մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է համագործակցել հատկապես տնտեսական ոլորտում», - նշեց երիտասարդ դիվանագետը:
Նազը շատ տպավորված է հայկական եկեղեցիներով, հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրով և Զվարթնոցի տաճարով: Շատ է հավանել հայկական ուտեստները, հայկական խոհանոցը և Վերնիսաժի բացօթյա տոնավաճառը, որտեղից նաև գնումներ է արել:
Հայաստանում ստացած վառ տպավորությունների և արժեքավոր գիտելիքների մասին «Արմենպրես»-ին պատմեց նաև Դիվանագիտական դպրոցի դասընթացն ավարտած Իբրահիմ Բահրին: Նա նույնպես գործող դիվանագետ է, աշխատում է Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության արտաքին կապերի վարչության արարողակարգի և պատվիրակությունների բաժնում: Ի դեպ, նա նույնպես արարողությանը ներկայացել էր քրդական ավանդական գեղեցիկ տարազով:
Բահրիի ոչ միայն արտաքին տեսքը, այլև ամբողջ խոսքն իր ինքնությանն ու ազգային արժեքներին իր անկեղծ նվիրվածության մասին էր:
Երիտասարդ դիվանագետի խոսքով՝ Դիվանագիտական դպրոցում իրականացված այս ծրագիրը վկայում է հայ-քրդական սերտ հարաբերությունների մասին: Իբրահիմը շատ լավ գիտի հայ-քրդական առնչությունների պատմությանը և կարծում է, որ երկու ժողովուրդներին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև ընդհանուր արժեքներ: Հիշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը հարթակ էր դարձել քրդական գրականության, մշակույթի և կրթության զարգացման համար, իսկ Երևանի ռադիոն քրդերի համար «մռայլ ժամանակներում» դարձել էր նրանց ձայնը ամբողջ աշխարհում:
«Իմ հայրենակից գործընկերներից շատերը նոր են մտել դիվանագիտական աշխարհ, և ինչպես նրանց, այնպես էլ ինձ կենսականորեն անհրաժեշտ էր այս դասընթացը: Ճիշտ է, ես մագիստրոսի աստիճան ունեմ միջազգային հարաբերությունների ոլորտում, բայց այս դասընթացը շատ օգտակար էր իմ ունեցած գիտելիքներն ու տեղեկությունները թարմացնելու առումով: Եվ կարող եմ վստահ ասել, որ այս դասընթացից հետո ավելի լավ գիտեմ միջազգային հարաբերություններն ու դիվանագիտությունը», - ասաց քուրդ դիվանագետը:
Այս երկու շաբաթվա ընթացքում Իբրահիմը հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել Երևանում: Ափսոսում է, որ արդեն այսօր պիտի մեկնի Հայաստանից, բայց հույս ունի, որ հայ գործընկերներին հանդիպելու առիթներ դեռ շատ կլինեն: Երևանից իր հետ Քուրդիստան կտանի սովորած հայերեն մի քանի բառերը՝ «բարև», «խնդրեմ» և «շնորհակալություն»:
Իրաքյան Քուրդիստանի 12 երիտասարդ դիվանագետների համար Դիվանագիտական դպրոցում կազմակերպված դասերը տևել են 12 օր: Հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ տնօրեն Վահե Գաբրիելյանը նաև նրանց նվիրեց վերջերս լույս տեսած «Հայաստանի դիվանագիտական դպրոց. Վկայություններ» գիրքը: Քրդստանցի դիվանագետներն էլ իրենց հերթին Քուրդիստանի մասին գիրք և այլ նվերներ հանձնեցին տնօրենին և դպրոցի մյուս աշխատակիցներին:
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է կառավարության որոշմամբ 2009 թ. սեպտեմբերին: Դպրոցի բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: 2010 թ. հուլիսից Դիվանագիտական դպրոցի տնօրենը դեսպան Վահե Գաբրիելյանն է:
Դիվանագիտական դպրոցի առաջնային նպատակներն են արտաքին գործերի նախարարության համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, ինչն իրականացվում է բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով, դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը և միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը: Հիմնական դասընթացները դպրոցում վարում են Եվրամիության, ինչպես նաև ԵԱՀԿ օժանդակությամբ արտերկրից հրավիրված դասախոսները:
Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2021 թ. փետրվարի 24-ին: Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսը Արշակ Մանուկյանն է: