Հասարակական

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում պարգևատրվել են մի խումբ աշխատակիցներ

6 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում  պարգևատրվել են մի խումբ աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրավերով միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ, Կոմիտեի և Համալսարանի մի շարք աշխատակիցներ:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը ողջունելով հյուրերին՝ խոսքը փոխանցել է Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, ով շնորհավորանքի ջերմ խոսքեր է ասել համալսարանի 100-ամյակի կապակցությամբ` մասնավորապես նշելով, թե որքան անգնահատելի է համալսարանի նշանակությունը հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման, ավանդույթների պահպանման, ինչպես նաև՝ ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդը քաղաքաշինության բնագավառի զարգացման գործերում:

Դասախոսապրոֆեսորական կազմին և ուսանողներին մաղթել է միշտ լինել հայկական ճարտարապետության և շինարարության նոր վերելքների առաջատարն ու կրողը:

Ելույթ է ունեցել նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանն, ով ևս շնորհավորել է համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրել համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկայում կատարվելիք անելիքները: Իր խոսքում ռեկտորը շնորհակալություն է հայտնել բոլոր հյուրերին ներկա լինելու, հիշելու ու շնորհավորելու համալսարանին 100-ամյակի կապակցությամբ: Հատուկ շնորհակալություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեին կազմակերպված գեղեցիկ միջոցառման համար:

Շնորհավորական ուղերձով ելույթ է ունեցել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ կարևորելով Համալսարանի դերը նաև իր ղեկավարած գերատեսչության մի շարք ոլորտներում՝ անվանելով համալսարանը մայր ԲՈՒՀ, նշելով ճանապարհաշինության, ջրամբարաշինության և էներգետիկ ոլորտներում համալսարանի աշխատակիցների և շրջանավարտների կարևոր դերակատարումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության և ձևավորված ավանդույթների համար՝ կարևորել է ճարտարապետական և շինարարական կրթական ծրագրերը և մաղթեց համալսարանին նորանոր հաջողություններ:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ջերմ մաղթանքներով շնորհավորել է 100-ամյակը՝ հիշելով՝ համալսարանի հետ իր կապը սկսվել է այնտեղ ուսանելու տարիներից՝, ու այսօր էլ շարունակում է դասավանդել:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկալ նաև Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:

Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել են`

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը,

Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվեցին`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արայիկի Ստեփանյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը,

Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:

Բացի մեդալներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի շնորհակալագրերով պարգևատրվել են ՃՇՀԱՀ աշխատակիցներ Արմինե Ղուլյանը, Ավետիք Արզումանյանը, Մարինե Քալանթարյանը, Նելլի Մուրադյանը, Մադլենա Իգիթխանյանը, Տաթևիկ Փայտյանը, Թամարա Սարգսյանը, Վրեժ Թամազյանը, Գոհար Իսախանյանը, Արմեն Հարությունյանը, Յակով Աղբալյանը:

Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն է հայտնել հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների մշտապես համալսարանին աջակցելը:

Միջոցառումը եզրափակվել է փոքր հյուրասիրությամբ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում