Կենսաքայքայվող նյութից տոպրակներ, էկո պարկեր․ հունվարից ի՞նչ այլընտրանքներ են լինելու պոլիէթիլենային տոպրակներին
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակներիվաճառքի արգելքից ելնելով՝ արտադրական ընկերությունները նոր առաջարկներ են պատրաստել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել տարբեր նախագծեր, որոնց նպատակն է կրճատել պլաստիկի օգտագործումը և հասարակությանն այլընտրանք առաջարկել: Դրանցից են կենսաքայքայվող, ինչպես մեկանգամյա, այնպես էլ բազմակի օգտագործման տոպրակները, որոնք պատրաստված են պոլիվինիլային սպիրտից, ինչը լուծվում է ջրում և թունավոր չէ: Տոպրակները կախված տեսակից, լուծվում են տաք և սառը ջրում՝ չվնասելով շրջակա միջավայը և ջրային ռեսուրսները:
Այլընտրանքային տարբերակ է նաև Eco bag_withme կտորե պայուսակների արտադրությունը: Էկո պարկերը էկոլոգիապես մաքուր են, ունեն պահպանման հրաշալի հատկություն, ունիվերսալ են, հնարավոր է օգտագործել թե' խոհանոցում բանջարեղենի, հացաբուլկեղենի համար, թե' պահարանում հագուստի: Էկո պարկերն ունեն էսթետիկ տեսք, տնտեսավարողներն էլ տալիս են հնարավորություն այն ձեռք բերել ցանկացած դիզայնով և գույներով:
Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում էարտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաևհանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:
Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծում է՝ նախարարությունն ակնկալում է, որ փոփոխությունները կհանգեցնեն նոր մշակույթի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման ծավալի նվազեցմանը:
Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսպիսով՝ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներիօգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։