Զինծառայողի սպանության, ևս երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին
2 րոպեի ընթերցում
![Զինծառայողի սպանության, ևս երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070702.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, որ Ս.Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: