ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Հովիկ Աֆյան, «Քաղցր կյանք»
Պատերազմից հետո քաղցր չի լինում, իսկ դրախտո՞ւմ: Իսկ դրախտ լինո՞ւմ է: Այս պատմությունը, որ ոչ թե կույր, այլ չտեսնող մարդկանց մասին է, որոնք նույնիսկ սիրում են՝ առանց իմանալու դրա մասին, նաեւ ճանապարհորդություն է՝ կորսված քաղաքից՝ նորաստեղծ քաղաք, սիրուց՝ ատելություն, եկեղեցուց՝ շուկա, մսագործությունից՝ քաղաքականություն, ողջերի աշխարհից՝ մեռյալ աշխարհ: Եւ հակառակը: Ու այդ ճանապարհորդության նպատակը դրախտը գտնելն է, կապ չունի՝ օդում, ջրի, կրակի մեջ, թե հողի վրա: Սա աչքերը բացելու պատմությունն է եւ հերքումը այն պնդման, թե մարդիկ դրախտը տեսնում են միայն աչքերը փակելուց հետո: Սա դառը պատմություն է՝ քաղցր կյանքի մասին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Լեոնիդ Ենգիբարյան, «Մի՛ նեղացրեք մարդուն»
Լեոնիդ Ենգիբարյանի «Մի՛ նեղացրեք մարդուն» նովելաշարը մեծ արտիստի կյանքի տարբեր դրվագների արտացոլումն է:
Գրքում հանդիսատեսի սիրով, համաշխարհային փառքով շրջապատված մարդն է, որը, չնայած այդ ամենին, մենակ է, չափազանց տխուր և պարտված:
Ենգիբարյանն իր տեքստերում պատմում է կորցրած սիրո ողբերգությունը՝ փակվելով մարդկանց աշխարհից, որի օրենքներն ու բարոյականությունը խորթ են իրեն:
Փոքր պատումներով ներկայացված է Լեոնիդի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից մինչև կրկեսի ու կինոյի աստղի ճամփան, որ, ցավոք, ընդհատվեց երեսունյոթ տարեկանում՝ բոլոր երազանքները խորտակելով կես բաժակ սառը շամպայնում:
Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։
Մանկապատանեկան գրականություն
Էրիխ Քեսթներ, «Էմիլը և հետախույզները»
Էմիլն առաջին անգամ միայնակ Բեռլին է մեկնում: Գնացքում գողանում են նրա ամբողջ գումարը: Գնացքից իջնելուց անմիջապես հետո նա կրնկակոխ հետևում է գողին: Բարեբախտաբար, նրան օգնության են հասնում շատ տղաներ, ու միասին մեծ քաղաքում հետապնդում են ձեռնարկում գողին բռնելու նպատակով:12-ամյա տղայի սովորական մի օր սկսված չափազանց արտասովոր պատմությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու գերել պատանիներին ողջ աշխարհից։ Գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել ներկայացումներ, ստեղծվել խաղեր։ Թարգմանությունը գերմաներենից` Լիանա Սաֆարյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Միլթոն Ֆրիդմեն, «Կապիտալիզմ և ազատություն»
Ինչպե՞ս օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Այս դասական գրքում Միլթոն Ֆրիդմենը շարադրում է տնտեսագիտության չափազանց ազդեցիկ մի փիլիսոփայություն, որի համաձայն մրցակցային կապիտալիզմը տնտեսական ազատության հասնելու միջոց է և քաղաքական ազատության անհրաժեշտ պայման:
Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը տնտեսագիտության տեսության վերաբերյալ երբևէ լույս տեսած ամենանշանակալի աշխատություններից է։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ Թարգմանվել է 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը: Թարգմանիչ` Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը