Մշակույթ

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը և միաձայն ընտրվեց: Հարություն Խաչատրյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ շատ դժվար չորս տարիներ են անցկացրել: «Մենք եկել էինք, որպեսզի զբաղվեինք կինոյով, արվեստով, վերականգնելով ու վերակառուցելով, բայց բավականին դժվար տարիներ անցկացրեցինք. պատճառը և համավարակն էր, և պատերազմն էր, և հազարավոր դժվարություններն էին, որ մենք ունեցանք: Կարծում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք նորից վերականգնվելու, հասկանալու համար, որ կինեմատոգրաֆիան և կինոն մեզ համար շատ կարևոր է: Հասկացանք, որ պետք է մենք շարունակենք, պետք է ապրենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Մինչ ընտրությունը ներկայացվեց միության չորս տարիների կատարած աշխատանքները՝ բովանդակային և ֆինանսական մասերով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ կինոյի տանը նախորդ 4 տարիների ընթացքում ցուցադրվել է 356 ֆիլմ, իրականացվել է 53 հանդիպում՝ ընտրված խորագրերով, անցկացվել է 6 կինոփառատոն, կազմակերպվել են կինոզրույցների շարք, եղել է պրոֆեսիոնալ գիլդիաների կազմավորում, իրականացվել են կինոյի տան շենքի վերականգնման աշխատանքներ և էլի մի շարք կարևոր նախագծեր:

Վերստուգիչ հանձնաժողովը, որն անցած չորս տարիներին խիստ վերահսկողությամբ հետևել է կինոգործիչների միության գործունեությանը, այն գնահատեց բավարարից լավ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից ժողովին և քվեարկությանը ներկա էին 108-ը: Նախագահի ընտրությունից հետո համագումարը ընտրեց նաև վարչության կազմ:

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց, որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում