ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: