Հասարակական

Անահիտ Ավանեսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահություն նախարարությունից, նշելով, որ նախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղությամբ առողջապահության նախարարությանև ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը:

Գրասենյակի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը` ուղղված երեխաների ու կանանց առողջության պահպանմանը, ինչպես նաև սնուցման վիճակի բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը խոսել է ՀՀ մարզերում անցկացվող «Վաղ տարիքի երեխաների սնուցումը, աճը և զարգացումը» թեմայով դասընթացների մասին, կարևորել ծրագրի շարունակականությունը:

Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում սպասվող բարեփոխումները: Անահիտ Ավանեսյանը շեշտել է հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

«Հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ և հատկապես հետպատերազմյան շրջանով պայմանավորված իրավիճակը` հոգեկան առողջության պահպանումը մեր առաջնահերթություններից է»,-ասել է նախարարը:

Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ բարեփոխումների արդյունքում մարզերում առողջության առաջնային օղակի և հիվանդանոցների աշխատանքը կդառնա ավելի ներդաշնակ, իսկ բժշկական ծառայությունները` ավելի որակյալ:

Անդրադարձ է եղել նաև իմունականխարգելման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանին պատվաստանյութերի մատակարարման, սառցային շղթայի հզորացման, պատվաստանյութերի նկատմամբ վստահության ձևավորման, ապատեղեկատվության հաղթահարման հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում