Հասարակական

Կառավարությունը հավանություն տվեց կրթական համակարգի բարելավմանն ուղղված նախագծին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց կրթական համակարգի բարելավմանն ուղղված նախագծին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օրենքի լրացումները և փոփոխությունները ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել գործիքակազմեր:

«Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ընդլայնել զարգացման հնարավորությունները, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: Մասնավորապես` համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը` այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին` տարակարգերի շնորհման միջոցով:

Նաև կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը` հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով մասնագիտական չափորոշիչներից բխող պատրաստումներին: Հնարավորություն կստեղծվի իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում` գիտելիքների ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը»,- ասաց Դումանյանը:

Ըստ Դումանյանի` նախագծի իրագործմամբ դպրոցները մանկավարժական ինքնավարության հնարավորություն կստանան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում