Պաշտոնական

ՀՀ-ն ու Գերմանիան փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ու Գերմանիան փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին և նշել, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն համագործակցության մեծ ներուժ և լավ հեռանկարներ:

Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

Նշելով, որ Գերմանիան տարբեր, այդ թվում նաև՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է, նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցությունն այդ երկրի մասնավորապես գիտակրթական հաստատությունների և տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնցից մի քանիսի հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես նոր տեխնոլոգիաների, նորարարությունների, գիտության, կրթության զարգացման հետ, և դրան է ուղղված նաև նախագահական ATOM նախաձեռնությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ու մեծ ներուժ, և հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների, ինչին էլ պետք է ուղղել հետագա քայլերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում