1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով սալիկապատվել են Բարեկամության փողոցի մայթեզրերը եւ ասֆալտապատվել է փողոցի այն հատվածը, որն անբարեկարգ էր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, ծրագիրն իրականացվել է Ակունքի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 5 միլիոն, Ակունքի համայնքապետարանի կողմից՝ 2 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները սկսվել եւ ավարտվել են հոկտեմբերի ընթացքում։
«Բարեկամություն փողոցի տվյալ հատվածում անբարեկարգ վիճակ էր ինչպես ճանապարհին, այնպես էլ մայթերում։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել են այն հատվածները, որտեղ անձրեւի կամ ձնհալի ժամանակ ջրափոսեր էին առաջանում, սալիկապատվել են մայթերի այն հատվածները, որտեղ բարեկարգման կարիք է եղել։ Կառուցվել է նաեւ ջրահեռացման համակարգ, եւ այժմ Բարեկամություն փողոցը հրապուրիչ տեսք է ստացել»,- պատմեց համայնքի ղեկավարը։
Խոսրով Խլղաթյան