Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-34/21. Բեգլարյան, Գիլբերթ, Արևշատյան 

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-34/21. Բեգլարյան, Գիլբերթ, Արևշատյան 

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Հրաչ Բեգլարյան, «Խեղված ողնաշարը երկրի»

«Խեղված ողնաշարը երկրի» վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կյանքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որոնք վիճակվեցին գրեթե բոլորիս:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել»

Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, և առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչն է Լիլիթ Հայրապետյանը։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Աշոտ դպիր Արևշատյան, «Հայաստան. արարչագործությունից մինչև երկրորդ գալուստ»

Ընթերցողին ներկայացվող սույն աշխատությունը նվիրված է հայոց պատմության այն էջերին, որոնց մասին շատ քիչ է խոսվել, իսկ որոշ նյութեր ընդհանրապես ծածկված են եղել անհայտության շղարշով։ Այնինչ պատմության հենց այս հատվածներն են ի հայտ բերում հայ ժողովրդի ինքնության գաղտնիքները։

Աշխատությունը (hատոր Ա) հագեցած է մասնագետների ուսումնասիրություններից մեջ բերված բազմաթիվ հղումներով, որոնք գիտական ապացույցներ են և կամա-ակամա հաստատում են նաև սուրբ հայրերի մեկնությունները։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում