ՀՀ վարչապետն ու Հայ Կաթողիկե եկեղեցու նորընտիր առաջնորդը զրուցել են Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել.

«Հոգևոր հայր, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ, նախևառաջ, շնորհավորել Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ ընտրվելու առիթով: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Կաթողիկե եկեղեցու գործունեությունը մեր ժողովրդի ինքնության պահպանման և զարգացման գործում: Հանրահայտ է այն անուրանալի ներդրումը, որ արել են Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները Մխիթարյան միաբանությունում, Զմմառի միաբանությունում և այդպես շարունակ:

Շատ ուրախ եմ, որ Դուք ընտրվել եք Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ՝ հաշվի առնելով, որ Դուք վերջին 10 տարում, ըստ էության, գործունեություն եք ծավալել Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, ղեկավարելով Հայ Կաթողիկե եկեղեցու ավելի մեծ թեմ, բայց Ձեր հիմնական նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ Դուք ավելի լավ եք տեղյակ Հայաստանի խնդիրներին, նրբություններին, առանձնահատկություններին: Կարծում եմ, որ Ձեր ընտրությունն այդ առումով ավելի կնպաստի մեր հետագա համագործակցությանը և այն առավել արդյունավետ դարձնելուն»:

Կառավարությունից հայտնում են, որ հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է.

«Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ազնիվ արտահայտությունների և զգացմունքների համար, և ես խորապես զգացված եմ, նախևառաջ, որ Դուք առաջինն էիք, նույնիսկ կաթոլիկներից առաջ, որ շնորհավորեցիք ինձ այս նոր պաշտոնում ընտրվելու առիթով: Սրտիս մեջ պահում եմ, որ, ի վերջո, նկատվում եմ որպես ազգիս հարազատ զավակ՝ Ձեր մեջբերումով, և վստահ եղեք՝ այս բոլոր զոհողությունները, որ կրում եք, մեր սրտի մեջ են: Մենք այլ բան չունենք անելու, քան Ձեզ աղոթքի մեջ հիշելը՝ հատուկ կերպով, որպեսզի ամենաբարի Աստված իսկապես կարողանա Ձեզ նեցուկ, պահապան լինել և առաջնորդի Ձեզ դեպի լավ, խաղաղ ափեր: Դա մեր ցանկությունն է, մեր հարազատ զգացմունքներն են Ձեր հանդեպ և նաև մեր հայրենիքի հանդեպ»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման շուրջ, կարևորել աշխարհիկ և հոգևոր իշխանության համագործակցությունն այս ուղղությամբ:

Վարչապետն ընդգծել է՝ Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մեծ դեր ունի մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանման գործում, և ՀՀ կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել այդ գործին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելությունը շարունակելու ենք. վարչապետ

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ՀՀ կառավարության նիստ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները