ԵՐԵՎԱՆ, 27ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրել է մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում դեսպանը Լիտվայի արդարադատության նախարարի անունից Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս մի շարք ուղղություններով համագործակցելու համար։
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ Վիլնյուս այցելելու հրավերի համար ու դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ոստիկանության բարեփոխումներին, ընտանեկան բռնության դեպ արդյունավետ պայքարին և այլն։
Նախարարը, ի թիվս այլ գործոնների, մեկնարկած բարեփոխումները հաջողելու գրավական է համարել այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և դրա ուղղությամբ ձեռնարկված ու շարունակվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացրել Լիտվայի դեսպանին։
Դեսպանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարություն-քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցությունը և բարեփոխումների մի շարք ուղղություններով սեփական փորձով կիսվելու ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել։