Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային նախազգուշական վերանորոգումից հետո հոկտեմբերի 17-ից գործարկվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը և միացել ՀՀ միասնական էներգահամակարգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ից:

Նշվում է, որ աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ:

«Պլանային նախազգուշական վերանորոգում (ՊՆՎ) 2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ իրականացվեց ՀԱԷԿ-ում և կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բլոկի տևական կանգի ընթացքում իրականացվել են նաև անվտանգության հիմնական համակարգերի՝ ակտիվ գոտու վթարային հովացման, սպրինկլերային, հուսալի սնուցման, ներռեակտորային տեխնոլոգիական վերահսկման և տեղեկատվահաշվողական համակարգերի արդիականացման աշխատանքները»,-ասված է ՀԱԷԿ-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ АО "Русатом Сервис" ընկերության և ներգրավված ենթակապալառու ընկերությունների մասնագետների, ինչպես նաև կայանի անձնակազմի մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի պատմության մեջ եզակի, աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներ: Մասնավորապես, իրականացվել են շուրջ 730 մ խողովակաշարի և շուրջ 270 միավոր խողովակաշարային փականների մոնտաժման աշխատանքներ, 420 նոր եռակցվածք, ինչպես նաև շուրջ 4700 եռքակարանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում/վերահսկում, անցկացվել և մոնտաժվել է շուրջ 42 կմ երկարությամբ մալուխ և այլն:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ավարտական փուլի աշխատանքներին զուգահեռ ընթացել են տարեկան պլանային վերանորոգման նախատեսված աշխատանքները՝ շուրջ 520 միավոր սարքավորման հիմնանորոգում, ինչպես նաև մոտ 330 միավոր սարքավորման միջին և ընթացիկ վերանորոգում և այլն:

«ՊՆՎ-2021-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համար ամենաերկարատևն էր. այն հնարավոր եղավ հաղթահարել ՀԱԷԿ-ի անձնակազմի ջանքերի առավելագույն կենտրոնացման, աշխատանքների հստակ կազմակերպման, կապալառու կազմակերպություններից ներգրավված մեծաքանակ մասնագետների հետ համաժամանակյա իրականացրած աշխատանքների կոորդինացման շնորհիվ»,-նշում են ՀԱԷԿ-ից:

Հայկական ատոմային էլեկտրակայանը շարունակում է գործել՝ մշտական ուշադրության կենտրոնում պահելով անխափան և անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները:

Ատոմակայանը կանգնեցվել էր 141 օրով:

Հայերեն العربية English Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում