Հասարակական

Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։

Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է նրանց աշխատանքից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Նշվում է, որ առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում