ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կայացավ «Sante՛ Armenie՛» (առողջություն Հայաստանին) նախաձեռնության կողմից նորոգված և կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցի վերականգնողական նյարդաբանական բաժանմունքի ղեկավար նյարդաբան Կարինե Շահբազյանը նշեց, որ իրենց նախաձեռնության շնորհիվ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները և առհասարակ զինհաշմանդամները կկարողանան նոր սարքավորումներով հագեցած վերականգնողական բուժում ստանալ։
«Մենք այդ ժամանակ նկատեցինք, որ վերականգնողական բուժումը Հայաստանում բավականին թույլ էր, և անմիջապես որոշեցինք մեր առաքելությունն ուղղել այդ ուղղությամբ։ Այստեղ ստեղծել ենք այնպիսի վերականգնողական համակարգ, որը համապատասխանում է այժմյան գիտական մեթոդներին։ «Sante՛ Armenie՛»-ն ֆինանսավորում է 2 կինեզոթերապևտի, ովքեր ստացել են ֆրանսիական կրթություն և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են աշխատելու։ Սարքավորումների մեծ մասը Իտալիայից և Ֆրանսիայից են, մի մասն էլ հայկական արտադրության են։ Մոտակա օրերին դրանք արդեն կտեղադրվեն բաժանմունքում»,- նշեց Շահբազյանը և հավելեց, որ վերականգնողական բուժումն առաջին հերթին ֆիզիկական բուժում է։
Նրա խոսքով՝ բժիշկները նաև վերապատրաստման կուրսեր են անցնելու Փարիզում։ Սարքավորումները նախատեսված են լինելու կինեզոթերապիայի, հոդային, գանգուղեղային վնասվածքների, շարժիչ ապարատի, հավասարակշռության համար և այլն։
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց «Sante՛ Armenie՛»-ին՝ բաժանմունքի կառուցման, վերանորոգման համար։
«Այս բաժանմունքը կծառայի և՛ զինվորներին, և՛ պայմանագրային զինծառայողներին, և՛ զինհաշմանդամներին։ Մասնագետները պատրաստ են իրենց ունակությունները ներդնելու, և հուսով ենք, որ այս բաժանմունքի շնորհիվ բոլոր զինծառայողների վերականգնումն արագ կընթանա»,- ասաց հոսպիտալի պետը։
«Sante՛ Armenie՛» կազմակերպության ՀՀ-ում ներկայացուցիչ Գևորգ Աբգարյանը հայտնեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր իրենց հետ աշխատում են շուրջ 200 բժիշկներ՝ ֆիզիոթերապևտներ, վիրաբույժներ և այլն։