Պաշտոնական

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ դեսպան Միխիլսենն ասել է, որ նման տարեդարձները լավ առիթ են՝ գնահատելու անցած ճանապարհն ու կատարված աշխատանքները, հստակեցնելու ապագայի անելիքները:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և ընդլայնվելու լավ հնարավորություններ։

Հայաստանի նախագահը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական համագործակցությունը բարելավելու, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հեռանկարներին։ Ընդգծվել է փոխգործակցության մեծ ներուժը հատկապես գիտության, կրթության, կենսատեխնոլոգիաների ոլորտում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում