Հասարակական

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանավարտները կլինեն «Հանրայինի դեսպանները»՝ որտեղ էլ որ աշխատեն

9 րոպեի ընթերցում

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի շրջանավարտները կլինեն «Հանրայինի դեսպանները»՝ որտեղ էլ որ աշխատեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան, որն արդեն տվել է իր առաջին սերնդի շրջանավարտները, նախաձեռնողների խոսքով՝ հաջողած և հեռանկարային նախագիծ է, որի պտուղները քաղելու են ոչ միայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու այլ հայկական հեռուստաալիքները, այլև հայկական ողջ մեդիադաշտը և, իհարկե, հայ հանրությունն ու մեդիասպառողը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Մեդիա ակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը՝ հույս հայտնելով, որ ակադեմիայի սաները, որոնցից մի քանիսն արդեն աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում և այլ լրատվամիջոցներում, կասեն իրենց խոսքը լրատվական դաշտում:

«Նախագիծն, իհարկե, հաջողել է։ Մենք կարողացանք սեղմ ժամկետներում և ամենահամեստ միջոցներով կազմակերպել այս ամենը, որի պտուղները, վստահ եմ, դեռ երկար են վայելելու թե՛ հեռուստաընկերությունները, թե՛ մեդիա մենեջերները և թե՛, իհարկե, մեր հանրությունն ու հեռուստադիտողը», - «Արմենպրես»-ին ասաց Լենա Մինասյանը՝ շեշտելով, որ ակադեմիայի շրջանավարտների ստացած դիպլոմները պարզապես թղթեր չեն, քանի որ նրանց դասավանդել են ոլորտի լավագույն մասնագետները՝ փոխանցելով իրենց երկարամյա փորձը հեռուստալրագրողների և հաղորդավարների նոր սերնդին:

Սեպտեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության գլխավոր մասնաշենքի բակում տեղի ունեցավ Մեդիա ակադեմիայի առաջին սերնդի շուրջ 100 ուսանողների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ավարտին նրանց հանձնվեցին 6-ամսյա ուսումնառությունը հավաստող դիպլոմներ:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը իր խոսքում շեշտեց, որ Հանրայինում իրենց անսովոր աղմուկով, վառվռուն հագուստներով, փայլող աչքերով, հետաքրքրասիրությամբ ու համարձակությամբ տրամադրություն փոխած Մեդիա ակադեմիայի սաներին ինքը համարում է «Հանրայինի դեսպաններ», և հույս հայտնեց, որ նրանք կպահեն «Հանրայինի դեսպանի» դեսպանի կոչումը՝ որտեղ էլ որ լինեն և որտեղ էլ որ աշխատեն:

«Երբ դուք հավաքվել էիք այստեղ՝ ձեր աչքերի մեջ փայլ կար, զարմանք կար, և կարծում եմ, որ այդ զարմանքը և այն, ինչ կար այդ օրը ձեր մեջ, պետք է պահպանվի, որովհետև հիմա դուք ավելի ինքնավստահ եք: Ես ուզում եմ, որ այդ ինքնավստահությունը պահելուն զուգահեռ նաև պահեք այդ զարմանքը, հետաքրքրասիրությունը և այն համարձակությունը, որ ունենալով տարբեր մասնագիտություններ՝ եկաք և փորձեցիք նոր մասնագիտություն ստանալ: Սա շատ կարևոր է», - դիմելով շրջանավարտներին՝ ասաց Հովհաննես Մովսիսյանը։

Հանրայինի տնօրենը խոստովանում է՝ երբ մարտի 1-ին մեկնարկեցին ակադեմիայի դասերը՝ իրենց համար էլ ամբողջությամբ պարզ չէր՝ ինչ է դա լինելու և ինչ կստացվի: Հիմնական մոտիվացիան, ըստ նրա, այն էր, որ այս տարի լրանում է հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-րդ տարին, և ժամանակն է կուտակված հսկայական փորձը փոխանցել նոր սերնդին:

Իսկ Մեդիա ակադեմիայի ստեղծման պատմությունը հետևյալն է: Երբ 2020 թ. նոյեմբերին Հովհաննես Մովսիսյանը, որպես նախկին լրագրող և նոր գործադիր տնօրեն, եկել է Հանրային հեռուստաընկերություն՝ ինքն իրեն հարց է տվել, թե ինչպե՞ս կարելի է ընդունվել աշխատանքի Հանրային Հ/Ը-ում հեռուստալրագրողի, հաղորդավարի կամ այլ մասնագիտություններով, և չի գտել այդ հարցի պատասխանը: Հենց այդ հարցից էլ ծագել է մեդիադպրոց հիմնելու գաղափարը, որը կյանքի կոչվեց 2021 թ. սկզբներին:

Մեդիա ակադեմիա հիմնելու հիմնական նպատակն, ըստ Հովհաննես Մովսիսյանի, 65-ամյա Հանրային հեռուստաընկերությունում սահուն սերնդափոխություն իրականացնելն ու հեռուստաընկերությանը նոր շունչ հաղորդելն է: Եվ այս մեծ ու մասշտաբային նախագծով, որն, ըստ նախաձեռնողների ու մասնակիցների, միանշանակ հաջողել է, Հանրայինի գործադիր տնօրենը տվել է երկար տանջող այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ընդունվել աշխատանքի Հանրային Հ/Ը:

Այս համատեքստում Մովսիսյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում Հ/Ը-ում տարբեր ձևաչափերով քննարկվում է այն հարցը, թե ի՞նչ կարելի է անել Մեդիա ակադեմիայի շրջանավարտներին հեռուստաընկերությունում աշխատանքի ներգրավելու համար: Առաջիկայում քննարկումներն այդ հարցի շուրջ շարունակվելու են, և ավարտական միջոցառմամբ ամեն ինչ չի ավարտվում:

Հանրայինի գործադիր տնօրենը նաև հույս հայտնեց, որ միջոցառմանը ներկա Տիգրան Հակոբյանի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ կկազմակերպվի մեկ այլ միջոցառում, որտեղ ակադեմիայի սաներն իրենց ծրագրերը կներկայացնեն նաև այլ հեռուստաընկերություններին:

Իսկ ակադեմիայի շրջանավարտները, որոնք, իհարկե, սպասում են գործատուների, այդ թվում՝ Հանրային Հ/Ը-ն աշխատանքի հրավերներին, տարբեր կերպ են նայում Հանրայինի առաջատար լրագրողներից, մեկնաբաններից և հաղորդավարներից ստացած գիտելիքներին: Ոմանք հույս ունեն, որ դրանք կօգնեն իրենց լրագրողի կարիերա սկսելու գործում, ոմանք էլ ուրախ են, որ ստացան օգտակար գիտելիքներ և դարձան ավելի մեդիագրագետ:

«Շատ պատահական էր իմ՝ Մեդիա ակադեմիա դիմելն ու ընդունվելը: Ընդհանրապես հույս չունեի, քանի որ ընդունվելու հայտ էր ներկայացրել 3100 հոգի: Բայց այնպես ստացվեց, որ բախտի բերմամբ ընդունվեցի՝ այնտեղ ստանալով գիտելիքների մեծ պաշար այնպիսի հրաշք մասնագետներից, այնպիսի հայտնի հեռուստադեմքերից, որոնց հետ երբեք չէիր պատկերացնի, որ կարող է նույնիսկ շփվես: Մեդիա ակադեմիան ինձ տվել է ինքնավստահություն, հավատ, որ երբ նպատակ ես դնում՝ անպայման դրան հասնում ես: Մյուս ձեռքբերումն այն էր, որ այստեղ գտա հրաշք ընկերներ և հրաշալի նոր թիմ», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Լրագրություն» բաժնի շրջանավարտ Դոնա Հարությունյանը:

Մեդիա ակադեմիայի ընդունելության մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր տարվա սկզբին։ «Բաց մի՛ թողեք հեռուստադիտողից հեռուստադեմք դառնալու Ձեր հնարավորությունը», - ազդարարում էր Առաջին ալիքը՝ հեռուստալրագրության հմտություն ստանալու ցանկություն ունեցողներին առանց տարիքային սահմանափակման հրավիրելով անվճար դասընթացների այնտեղ, որտեղից սկիզբ է առել հայկական հեռուստատեսության 65-ամյա պատմությունը:

Մեդիա ակադեմիա ընդունվելու հայտ էին ներկայացրել մեծ թվով մարդիկ՝ շուրջ 3100 դիմորդ, որոնցից մի քանի փուլերով ընտրվեց 100 ուսանող երեք մասնագիտություններով սովորելու համար՝ «Լրագրություն», «Սպորտային լրագրություն» և «Հաղորդավարություն»։ Անվճար դասերը մեկնարկել են 2021 թ. մարտի 1-ին և ընդհանուր առմամբ տևել են շուրջ 6 ամիս։ Դասընթացը բաղկացած էր ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական պարապմունքներից։

Մեդիա ակադեմիայում դասավանդել են Առաջին ալիքի առաջատար մասնագետները, որոնց թվում են հաղորդավար Մարատ Օրդյանը («Հայկական հեռուստատեսության պատմություն»), հաղորդավար և Հանրային Հ/Ը ստեղծագործական հարցերով տնօրեն Արմեն Սարգսյանը («Մուլտիմեդիա»), քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանը («Լրագրության հիմունքներ»), խոսքի վարպետության մասնագետ Արմինե Նալբանդյանը («Խոսքի մշակում»), հաղորդավար Մերի Ներսիսյանը («Ուղիղ եթեր»), լրագրող և հաղորդավար Աելիտա Չիլինգարյանը («Լրագրություն/հաղորդավարություն») Առաջին ալիքի «Լուրեր»-ի լրագրողներ Սոնա Աղբալյանը («Միջազգային լրագրություն»), Դավիթ Մուրադյանը («Միջազգային լրագրություն»), հաղորդավարներ Ավետ Բարսեղյանը, Աննա Ավանեսյանը, Հրաչուհի Ութմազյանը, Պետրոս Ղազարյանը և սպորտային մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Շուշանիկ Հակոբյանը, Արմեն Գարամյանը և Գևորգ Ղազարյանը։ Եղել են նաև հրավիրված դասախոսներ։

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Մեդիա ակադեմիայի առաջին սերնդի շրջանավարտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում