Սպորտ

Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել Բրազիլիա-Արգենտինա խաղը մրցակցի 4 ֆուտբոլիստի պատճառով

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել Բրազիլիա-Արգենտինա խաղը մրցակցի 4 ֆուտբոլիստի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը 4-րդ րոպեին ընդհատվել է և չի շարունակվել, քանի որ Բրազիլիայի կառավարությունը թույլ չի տվել շարունակել խաղը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղի մեկնարկից 4 րոպե անց դաշտ են ներխուժել Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության և ոստիկանության աշխատակիցներ, ինչից հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները լքել են դաշտը:

Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության աշխատակիցները կասկածներ ունեն, որ Արգենտինայի հավաքականի և «Աստոն Վիլա»-ի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը և Էմիլիանո Բուենդիան, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի և «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներ Ջովանի Լո Չելսոն ու Քրիստիան Ռոմերոն Բրազիլիայի սահմանը հատել են օրենքի խախտմամբ:

Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանող անձինք պետք է 14-օրյա կարանտին անցնեն: Sports.ru կայքը գրում է, որ Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալությունը պնդել է, որ վերը նշված ֆուտբոլիստները կեղծ տեղեկություններ են տրամադրել էմիգրացիոն ծառայությանը, թե իրենք վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում չեն եղել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ գործակալությունը դիմել է ոստիկանությանը, որպեսզի այդ ֆուտբոլիստներին ձերբակալեն և արտաքսեն երկրից, սակայն ոստիկանության հյուրանոց ժամանելու պահին ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ ուղևորվելիս են եղել մարզադաշտ խաղին մասնակցելու համար:

Մարտինեսը, Լո Չելսոն և Ռոմերոն եղել են Արգենտինայի մեկնարկային կազմում, երբ Բրազիլիայի առողջության վերահսկողության ազգային գործակալության և ոստիկանության աշխատակիցները ներխուժել են խաղադաշտ:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում