Կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:

Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում: Սցենարական մշակման ճգնաժամային մի ժամանակահատվածում, որպես գլխավոր խմբագիր աշխատելով «Հայֆիլմ»-ում, նա կարողացավ աշխատանքը բերել կանոնական հունի: Դիտելով 1975-85 թթ. նկարահանված ֆիլմերը՝ անհնար է չտեսնել նրա ձեռագիրը. «Երկունք», «Կյանքի լավագույն կեսը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»: Հաջողության գաղտնիքը գրականությունը կինոյի հիմքում պահելու նրա անխախտ սկզբունքն էր:

Ակնառու է Ա․ Թոփչյանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և տասնյակ այլ ֆրանսագիր հեղինակների գրականությանը:

Անվանի գրաքննադատը, արձակագիրը, թարգմանիչը հայ ընթերցողներին է ներկայացրել նաև հայազգի օտարագիր և սփյուռքահայ գրողներին. Վահե Քաչա, Ժան-Բատիստ Բարոնյան, Վահե Գոդել, Վազգեն Շուշանյան, Զահրատ, Զարեհ Խրախունի և ուրիշներ:

Ա․ Թոփչյանն առանձնահատուկ սեր էր տածում արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սևակի գրականությամբ նկատմամբ, որն արտահայտվել է նրա երկերի հատորների հրատարակության պատրաստմամբ ու լույսընծայմամբ։ Գրողի հանդեպ այդ սիրո շարունակությունն է նաև նրա «Եվ անգամ մահից հետո» վեպը, որն արժանացել է մրցանակի:

Հաջող էր նաև Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկի՝ «Բանկ Օտոման» վեպի համաշխարհային ճամփորդությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վեպն արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով: Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:

Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա գրականության հավատավորներին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հայերեն Français

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ