Արցախ

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Արցախում սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Արցախում սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Ողջունելով հյուրերին ՝Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված շուրջ 15 ծրագիր: Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու ակնկալիքով:«Մեր նպատակն է՝ աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր»,-շեշտել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը նշել է, որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը:

Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող հարցեր: Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում