Հասարակական

Եվրամիությունը և ԱՀԿ-ն պատաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառնարաններ են նվիրաբերել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը և ԱՀԿ-ն պատաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառնարաններ են նվիրաբերել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր՝ օգոստոսի 28-ին, 30 բժշկական սառնարան են հանձնել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ համոզված լինելու համար, որ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութերը պատշաճ կերպով են պահպանվում ամբողջ երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը՝ շեշտելով, որ Եվրամիությունը և ԱՀԿ-ն Հայաստանի կողքին են և աջակցում են ՀՀ կառավարությանը քաղաքացիներին բավարար քանակով պատվաստանյութեր մատակարարելու և համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու հարցում:

«Եվրամիությունը պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկրի առողջապահության համակարգի հնարավորություններն ամրապնդելու և COVID-19-ի համավարակը հաղթահարմանն աջակցելու նպատակով: Սառնարանները կծառայեն պատվաստանյութերը և բժշկական այլ արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահպանելուն՝ այդպիսով առաջարկելով ավելի ապահով հարմարություններ և հետևաբար օգուտ տալով Հայաստանի քաղաքացիներին: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համավարակի դեմ միասնական ջանքերով», - ասել է ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժան Պլեսինգերը:

Իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը իր հերթի նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի առողջապահության առաջնային պահպանման հաստատությունները վերազինվել են տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, սակայն նվիրաբերված սառնարանները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ներկայումս գերծանրաբեռնված պատվաստումների գործընթացը:

Սարքավորումների հանձնման արարողությանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժան Պլեսինգերը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն և ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Ելենա Միլոշևիչը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում