Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trhaber.com-ը։
Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։
Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո:
Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ը տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը:
Ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական ընկերությունների արտադրանքի լայն տեսականի, որից 536-ը լինելու է թուրքական:
Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակություն աշխարհի 79 երկրներից:
Կանցկացվեն բազմաթիվ բանակցություններ, կկնքվեն նոր պայմանագրեր, կցուցադրվեն նոր արտադրանքներ։