ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նախարարության տարածած հաղորդագրությանը, ոլորտի գերատեսչության նախարարի հրամանով հաստատվել է հայաստանյան թատերախմբի մասնակցության ծրագիրը. «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան)։ «Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք, իր, նախ՝ պատմողական, ապա՝ երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է հանդիսատեսին` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։
Ներկայացման դերակատարներն են Տաթևիկ Մելքոնյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը: Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի:
«Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող ամենահեղինակավորթատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից: