Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զսպվածության, իսկ ՔՊ-ի պատգամավորներին ամեն սադրանքի չարձագանքելու կոչ արեց

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը զսպվածության, իսկ ՔՊ-ի պատգամավորներին ամեն սադրանքի չարձագանքելու կոչ արեց

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հրահանգեց չարձագանքել սադրանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալեն Սիմոնյանը հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և կառավարող մարմին: Երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են ինչ-որ վիրավորանքների, պիտակների, չարաճճիության միջոցով աչքի ընկնել։ Դիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, եթե չեք կարողանում ձեր գործընկերներին զսպել, դա կանեմ ես։ Թող որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ անելու եմ ամենախիստ ձևով»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր գործըկներներին՝ Ալեն Սիմոնյանը հորդորեց չարձագանքել ամեն սադրանքի:

«Մարդիկ պարտվել են, շատ մրմռացել են այդ պարտությունից։ Այդ մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է, չեն կարողանում հասկանալ, թե այդքան փող ծախսելուց հետո, այդքան ատելություն տարածելուց հետո ինչպես պարտվեցին»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով` ընտրությունների ընթացքում այն բոլոր մարդիկ, որոնք հայհոյանքներ օգտագործեցին և փորձեցին աչքի ընկնել, մերժվեցին ՀՀ քաղաքացիների կողմից:

« Խնդրում եմ, այդ մանր-մունր սադրանքներին, կրթություն, դաստիարակություն չունեցող մարդկանց արտահայտություններին մի՛ արձագանքեք։ Տեղը չեն բերել՝ ուր են եկել։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով արձագանքելու եմ։ Կգնաք, կդիմեք տարբեր տեղեր, ինչ ուզում եք արեք»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում