Սպորտ

Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

2 րոպեի ընթերցում

Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի. Արթուր Դավթյան

ՏՈԿԻՈ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի համար Տոկիոյի խաղերում նվաճած բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի:

«Եթե անկեղծ՝ ես գոհ չեմ իմ ելույթից: Առաջին ցատկը լավն էր, երկրորդին չարեցի այն, ինչ կարող էի: Մարզումների ժամանակ շատ լավ էր ստացվում: Խնդիրը երկրորդ ցատկի ժամանակ ավելորդ քայլն էր: Այս բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի: Մեզ համար այս արդյունքը ոսկե արդյունք է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դավթյանի խոսքով` ինքը մեծ հպարտություն է ապրում, որ մեդալ կտանի Հայաստան: «Տխրությունը մի կողմ դնելով կասեմ, որ ավելի լավ է երրորդ տեղը, քան ոչինչ: Բայց տեսնում էի` հնարավորությունը կար ոսկե մեդալի: Շնորհակալություն մեր մարզիչներին, ձեզ` լրագրողներիդ, որ սպասում էիք: Սառույցը կոտրեցինք և ցույց տվեցինք, որ մենք կարող ենք մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում այս վատ իրավիճակում: Նոր սերունդը պետք է հավատա, որ մեդալ նվաճելը Օլիմպիական խաղերում հնարավոր է»,-շեշտեց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչումԱրթուրԴավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը:Ոսկե մեդալ նվաճեցԿորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում