Ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնահերթություն է համարում խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը, ինչի համար կարևորում է պառակտումը բացառելը, շեշտում նորընտիր ԱԺ-ին տրված հնարավորությունը՝ մշակելու, իրականացնելու ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն այս մասին ասաց ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում իր ելույթում:

Նախագահը նախ բոլոր պատգամավորներին մաղթեց հաջողություն, արդյունավետ աշխատանք, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց դիրքորոշումներն այս կամ այն կերպ արտահայտելու և դրանով պետական, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու համար:

Դիմելով խորհրդարանում ներկայացված ուժերին՝ նախագահն ասաց. «Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար: Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել մեր պետականության առկայության փաստը»:

Սարգսյանը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի պետականությունը: Ըստ նրա՝ արդյունավետ կառավարման էությունն առաջին հերթին ազնիվ և պատասխանատու լինելն է: «Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերությունները և սխալները և պատասխան տանք դրանց համար: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատու զգա իրեն՝ մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Միայն ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև»,-ասաց նախագահը:

Ըստ նախագահի՝ եկել է ժամանակը ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները՝ այդ թվում սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը և այլն:

«Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը: Ակնհայտորեն այդ համատեքստում առաջնային խնդիրը պառակտումը բացառելն է: Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ մեր ժողովրդին բաժանել և տարբերակել՝ ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի: Բոլորիս գլխավոր նպատակը պետք է լինի՝ պահպանել, պաշտպանել և զարգացնել մեր պետականությունը, պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը»,- նշեց ՀՀ նախագահը:

Նա շեշտեց՝ անվտանգության գրավականը միասնությունն է: Նախագահը նաև հավելեց, որ ՀՀ-ն պետք է մաս կազմի համաշխարհային նոր միտումներինև լինի մրցունակ:

Հայերեն English Français Русский

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է