«Նոր գիրք»-22/21.  Ինքնակենսագրական, դետեկտիվ, գիտական հրատարակություններ 

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Եղիշե Չարենց, «Երևանի ուղղիչ տնից»

Լույս է տեսել Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» ինքնակենսագրական վեպը։

Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի...»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն

Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը»

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, ե՛ւ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է` թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային: Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով: Թարգմանիչն է Աստղիկ Աթաբեկյանը: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Աստրիդ Լինդգրեն, «Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները»

Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց «վրա» հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Միչիո Կակու, «Ապագայի ֆիզիկան»

Ու՞ր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում: Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին:

Նշանավոր տեսաբան- ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին: Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեք հարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը: Անգլերենից թարգմանել է Մարիամ Հարությունյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին