Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։

«Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։

Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում, Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում