Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել

3 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործակալության աջակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների ու ծրագրերի համար.«Մենք բոլորս, սակայն, ապրում ենք ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար: Որպես երկրի նախագահ՝ առաջարկում եմ մտածել վաղվա համագործակցության մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին»:

Կողմերը քննարկել են բնական աղետների կառավարման և կանխարգելման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև մի շարք այլ՝ գիտության ու բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության մասին՝ նշելով, որ մեր երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս ծրագրի շրջանակում արդեն իսկ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխարհի մի շարք առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գիտակրթական հաստատությունների հետ, և ակնկալվում է համագործակցություն նաև ճապոնական ընկերությունների ու համալսարանների հետ:«Կարևոր է, որ կենտրոնանանք գիտության ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու վրա, քանի որ դա է մեր երկրի ապագան»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը նշել է, որ իրենց կառույցը պատրաստակամ է քննարկել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում