«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ն իրականացնում է տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացնում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունից, մայիսի 25-ին մեկնարկած ծրագրի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում է ունենում: Շահառուների հետ Ռոբինը շփվում և զրուցում է՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ շփումն ուղեկցվում է նաև ինտելեկտուալ խաղերով, տարեցների նախընտրած երաժշության ունկնդրմամբ, սիրված ֆիլմերից հարցախույզերով, գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ զրույցներով:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի ընթացքին հետևելու հուլիսին Երևան են ժամանել նախագծի հեղինակ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչներ Լինդա Եփոյանը և Նառա Մելիքյանը։ Նրանք շրջել են հաստատությունում, ներկա եղել Ռոբին ռոբոտի հետ Նորքի բնակիչների հանդիպմանն ու շփմանը:

«Այս աննախադեպ նախագիծն արդեն ցույց է տալիս, թե բուժման նորարարական եղանակները, ինչպիսին ռոբոտի միջամտությունն է, որքան արդյունավետ են տարեցների և նեյրոդեգեներատիվ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում: Ռոբին ռոբոտը մեծ հավանության է արժանացել հետազոտության բոլոր մասնակիցների կողմից: Իսկապես տպավորված եմ, երբ տեսնում եմ, որ հետազոտության ընթացքում դեպրեսիայի և անհանգստության զգացումներն ավելի քիչ են դրսևորվում, և նկատելի է ճանաչողության բարելավում»,-ասել է բժիշկ Ջեյն Մահակյանը՝

Կազմակերպության գնահատմամբ՝ կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա:

«Շատ ուրախ ենք տեսնել, որ այս կարճ ժամանակահատվածում Ռոբինը կարողացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հոգեվիճակի ու ճանաչողական գործընթացների վրա դրական ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ մենք արդեն կարող ենք տեսնել տարեցների շրջանում բարելավված ճանաչողական ունակություններ, դեպրեսիայի դրսևորումների նվազման միտումներ, քնի կարգավորման առումով դրական տեղաշարժեր, և, իհարկե, կյանքի որակի բարձրացում»,-նշել է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահակյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում Ալցհայմերի հիվանդության մասին հանրային իրազեկման մակարդակն ու ստեղծել շարունակական ծրագրեր և ծառայություններ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց, նրանց խնամատարների և ընտանիքների համար: Բժիշկ Ջեյնը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի առաջամարտիկներից է: Նրա հեղինակած՝ «Ես լսում եմ քեզ» գիրքը գործնական ուղեցույց է այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող իրենց հարազատի մասին և աջակցում է նպատակային կյանքին ու ապահովում է անկախությունը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը