Միջազգային

Իսրայելի և Հունաստանի ԱԳ նախարարներին մտահոգել են Վարոշայի կարգավիճակը փոխելու շուրջ Թուրքիայի քայլերը

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և Հունաստանի ԱԳ նախարարներին մտահոգել են Վարոշայի կարգավիճակը փոխելու շուրջ Թուրքիայի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը և Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Երուսաղեմում բանակցությունների ժամանակ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Թուրքիայի կողմից Վարոշա քաղաքի կարգավիճակը փոխելու մտադրության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ-ն:

«Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիպրոսի Վարոշայի շրջանում Թուրքիայի ձեռնարկած քայլերն ու դրանց առնչությամբ խորը մտահոգություն են հայտնել»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ Լապիդն ու Դենդիասը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային ու էներգետիկ հարցեր, ինչպես նաև Իսրայել-ԵՄ հարաբերությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:

Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար ՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:

Թուրքիայի նախագահը կրկնել է իր կոչը՝ Կիպրոսում երկու պետության ստեղծելու մասին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը այս ամսվա սկզբին ասել էր, որ ԵՄ անդամ երկրները երբեք և երբեք չեն ընդունի դա:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում