Հասարակական

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ

2 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-21 թվականների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Վստահ եմ, որ այս շատ կարևոր ուսումնական հաստատության պատմության մեծ մասին ծանոթ եք: Ավելին, մեր կողքին կան մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ակադեմիայի ձևավորման և զարգացման գործում: Սակայն ավելորդ չեմ համարում բարձրաձայնել, որ այսօր ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային տարբեր կառույցների մոտ բարձր հեղինակություն վայելող այս կրթահամալիրը 29 տարի առաջ իր ճանապարհը սկսել է որպես կադրերի վերապատրաստման ինստիտուտ:

Այսօր ակադեմիան ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար երկրներ, բուհեր և միջազգային կազմակերպություններ: Նորարար տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք պահանջված են ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլ նաև այլ կառույցներում»,- նշեց Փիլոյանը:

Նրա խոսքով` Ակադեմիան ավարտած շրջանավարտների մեծ մասը՝ շուրջ 400-ը, հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, իսկ 36-ն այսօր աշխատում են Ակադեմիայում:

2020-21 թվականների ուսումնական տարում ակադեմիայի 187 ուսանող ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճանի կոչում, իսկ 64-ը՝ միջին մասնագիտական կրթություն:

Իր գործունեության ընթացքում Ակադեմիան տվել է 2 215 շրջանավարտ: Ակադեմիան կրթական գործունեությունն իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված լիցենզիայով սահմանված մասնագիտությունների գծով` միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով շնորհում է պետական նմուշի դիպլոմներ: Ակադեմիայում գործում է 3 ֆակուլտետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում