Հասարակական

«Դասարան+դասական» ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը. մեկնարկել է նախագծի հերթական փուլը

7 րոպեի ընթերցում

«Դասարան+դասական» ծրագիրը կամրապնդի դպրոց-թատրոն կապը. մեկնարկել է նախագծի հերթական փուլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոց-թատրոն կապն ամրապնդելու նպատակով հուլիսի 19-31-ը Մայր թատրոնում կանցկացվի «Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը, որին մասնակցում են հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտներ:

Տասը օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչելու թատրոն երևույթը, հաղորդակցվելու ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ և բեմադրելու իրենց ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվեց ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ նշելով, որ աշակերտները մասնակցում են պետական աջակցությամբ իրականացվող ամենահետաքրքիր, գրավիչ, օգտակար կրթական ու մշակութային նախագծերից մեկին: «Դուք հնարավորություն ունեք շփվելու իրենց վաստակով, պրոֆեսիոնալ նկարագրով առանձնացող արվեստագետների հետ, որոնք փորձելու են ձեզ փոխանցել այն բանալիները, որով ընկալելու եք այն չափազանց բարդ ոլորտը, որը կոչվում է բեմական արվեստ, թատրոն»,- շեշտեց փոխնախարարը:

Արա Խզմալյանի խոսքով՝ իրենք նպատակ չունեն անել այնպես, որ ծրագրի բոլոր մասնակիցները դառնան դերասաններ, ռեժիսորներ կամ որոշեն ընդունվել Թատերական ինստիտուտ: «Մենք ցանկանում ենք վերափոխել թատրոնի մասին ձեր ընկալումները, թատրոնի նկատմամբ վերաբերմունքը: Ցավոք, տասնամյակներ շարունակ թատրոնի ընկալումը շատ է պարզունակացվել. այն ընկալվում է որպես տնազի միջավայր, որպես զուտ կատակաբանության վայր, բայց իրականում թատրոնը հսկայական գիտություն է, մասնագիտություն, արդյունաբերություն»,-ասաց Խզմալյանը:

Նա վստահեցրեց, որ վարպետները կկարողանան ամենակարևորը փոխանցել մասնակիցներին. կսովորեցնեն լինել հետաքրքիր, ինչը բեմական արվեստն է, դերասանի արվեստն է:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ընդգծեց՝ անկախ այն բանից, թե ինչ մասնագետ կդառնան, հետաքրքիր լինելու արվեստը հաջողության հասնելու գրավականն է:

Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ հիշեցրեց, որ թատրոնը «Դասարան+դասական» ծրագիրը նախաձեռնել է 2019 թվականին: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նշելով, որ վերջինս մշտապես աջակցել է ծրագրի իրականացմանը:

«Երեք տարվա ընթացքում մենք լուրջ ճանապարհ ենք անցել. անցել ենք Հայաստանի այն քաղաքներով, որոնցում կան թատրոններ, և թատրոնը դարձել է տվյալ քաղաքի վրա նոր լույս սփռող կարևոր օղակը: Այսօր ծրագիրն արդեն ճյուղավորվում է, և առաջին ճյուղը պետք է լիներ դերասանի արվեստը, և մենք այս տարի կկենտրոնանանք հենց դրա վրա: Շատ ուրախ եմ, որ իմ տաղանդավոր և պրոֆեսիոնալ ընկերները համաձայնեցին միանալ նախաձեռնությանը»,- ասաց Մկրտչյանն ու հավելեց, որ մասնակիցները կբաժանվեն խմբերի, կաշխատեն մասնագետների հետ և վերջում կվայելեն ներկայացումները, որոնք պատրաստել են ծրագիր մասնակիցներն իրենց վարպետների հետ:

Բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, որն աշխատելու է ծրագրի մասնակիցների հետ, նշեց, որ նախաձեռնությունը շատ է օգնում մասնագիտական կողմնորոշման գործում: Ըստ Հակոբյանի՝ նախորդ տարիներին հետաքրքիր արդյունքների են հասել: «Երեխաները կապվել են թատրոնին. գալիս են թատրոն, ներկայացում են նայում, հետո՝ մյուս թատրոն և այլն: Մենք խնդիր չունենք անել այնպես, որ բոլորը դերասաններ դառնան, իսկ եթե դառնան, կօգնենք: Այս փուլին ավագ դպրոցների երեխաներն են, որոնց մեծ մասը գալիս է հասկանալու՝ ցանկանո՞ւմ է թատերական արվեստով զբաղվել, թե՞ ոչ: Մի մասը հստակ գիտի, որ ուզում է այս արվեստին նվիրվել, մի մասն էլ թատրոնին վերաբերում է որպես երկրորդ մասնագիտության կամ նախասիրության: Մեր սերունդը վստահ էր՝ եթե դերասան է դառնալու, ամեն ինչ լավ կլինի, իսկ այս սերունդը հասկանում է՝ եթե վատ դերասան է, հայտնի չի դառնալու, լավ չի ապրելու, ուստի ուզում է որպես հոբբի վերաբերվել դրան»,- ասաց Հակոբյանը:

Նրա հավաստիացմամբ շատ հետաքրքիր, ինքնատիպ երեխաներ են համախմբվել ծրագրի շուրջ, որոնք ինքնուրույն են, համարձակ, ազատ են բարդույթներից:

Մասնակիցներից Մարգարիտա Եգոյանցը, որը «Հայ ասպետ» դպրոցից է, նշեց, որ ցանկանում է իրավաբան դառնալ, սակայն սիրում է թատրոնն ու հրապուրված է նրանով: «Այս նախաձեռնության մասին տեղեկացել եմ «Ֆեյսբուքի» միջոցով: Առաջին փուլում պետք է մոտիվացիոն նամակ գրեինք ու ասեինք, թե ինչպես ենք պատկերացնում թատրոնն ու ինչ ակնկալիքներ ունենք: Սովորելու ենք դերասանի վարպետություն և ծրագրի ավարտին ներկայացում ենք բեմադրելու»,-տեղեկացրեց Մարգարիտան:

Նա եղել է բազմաթիվ թատրոններում, դիտել է տարբեր ներկայացումներ, սակայն նրան հատկապես տպավորել է «Սասնա ծռեր» բեմադրությունը, որը դիտել է Մայր թատրոնում: Մարգարիտան այն հայրենասիրական է համարում ու նշում՝ կարևոր է, որ հստակ պատկերացնում ես ամբողջ էպոսը:

«Դասարան+դասական» երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։

Մենթորներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը։

«Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնելու թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։ 2021 թվականին ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում