Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բժիշկների հետ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է բուժաշխատողների վաստակը մեր երկրի առողջապահական անվտանգության ապահովման գործում՝ մասնավորապես նշելով նրանց նվիրված աշխատանքը հատկապես պատերազմի ժամանակ և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այդ համատեքստում նախագահը բարձր է գնահատել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում:

Բժիշկները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար:

Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ: Նա միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում