Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցավակցել է Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը:

Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին:

Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը:

Ցավակցում եմ Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, մեր երկրում եւ աշխարհում նրա արվեստի երկրպագուներին և կիսում բոլորի վիշտը»,- ասված է հեռագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում