Հասարակական

Ծովազարդի միջնակարգ դպրոցում հերոսների անունները կկրեն երեք  դասասենյակներ 

3 րոպեի ընթերցում

Ծովազարդի միջնակարգ դպրոցում հերոսների անունները կկրեն երեք  դասասենյակներ 

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի Ծովազարդ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված նշված դպրոցի նախկին սաներ, ժամկետային զինծառայողներ, Արցախյան 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Գևորգ Գալոյանին, Էրիկ Ավանեսյանին եւ կամավոր ռազմաճակատ մեկնած Շահեն Ղարիբյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվեց Էրիկ Ավանեսյանի, իսկ մնացած երկու դասասենյակները, որտեղ սովորել եւ ավարտել էին Գեւորգ Գալոյանը եւ Շահեն Ղարիբյանը, նրանց անուններով: Դասասենյակները հիմնովին նորոգվել էին արտերկրում բնակվող ծովազարդցիների աջակցությամբ: Յուրաքանչյուր դասասենյակում ստեղծվել էր մի փոքրիկ անկյուն, որտեղ տեղադրվել էին հերոսների անձնական իրերից եւ լուսանկարներից:

Հուշ-ցերեկույթին գրական-երաժշտական ծրագրով հանդես եկան դպրոցի բարձր դասարանների սաները: Հնչեցին հիշատակի, խոնարհումի, երախտագիտության խոսքեր, ներկայացվեցին դրվագներ հերոսացած տղաների կյանքից: Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, մանկավարժներ, հերոսների ծնողներն ու հարազատները:

«Կարծես մեր հողն ու ջուրը չուներ նոր հերոսների կարիք, սակայն մենք այդ վերստին պատերազմական օրերին կրկին անգամ համոզվեցինք, որ մեր ազգը շատ ու շատ նվիրյալ զավակների կարիք ունի: Նրանց թափած արյամբ մենք պետք է առաջ նայենք եւ ուղղենք մեր մեջքը: Մենք պարտք ունենք՝ խոնարհվելու այդ հերոսների առջեւ, աղոթելու նրանց համար եւ ամեն մի ողբացող ծնողի առջև մենք պետք է խոնարհում ու հարգանք բերենք»,- նշեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:

«Դասասենյակները, որոնք այսուհետ կրելու են մեր հերոս տղաների անունները, լուսատու փարոս կլինեն մեր սերունդների համար: Այստեղ կրթվող յուրաքանչյուր աշակերտ պետք է լավ սերտի հերոսության դասը, հայրենասեր քաջորդիների սխրանքը պետք է հարատեւ դաս լինի նրանց համար: Շնորհակալություն այս նախաձեռնության համար»,- նշեց մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում